ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները` Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը, հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Տեղեկությունը հայտնում են թուրքական հեռուստաալիքները` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Ֆիդանն ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։