Պատմական իրադարձություն. հայկական ֆիլմը ներառվել է «Օսկարի» կարճ ցանկում

Կադր «Ամերիկացի» ֆիլմից
Հեղինակավոր մրցանակի նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել էր «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, ներառվել է «Օսկարի» կարճ ցանկում։ Տեղեկությունը հայտնում է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Տեղի է ունեցել մի պատմական աննախադեպ իրադարձություն՝ առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ «Օսկարի» «շորթլիսթ»՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի և այլոց։ Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարեւոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից` սա արդեն իսկ հսկայական հաղթանակ է»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ «Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել:
Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը:
Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն: