ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին հանձնել է Փարիզի Grand Vermeil մեդալը։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին այն պատվի և մշտական բարեկամության համար, որը նա ևս մեկ անգամ ցույց է տվել Հայաստանի հանդեպ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը հանձնելով Փարիզի Grand Vermeil մեդալը։ Շատ զգացմունքային պահ է»,–գրել է դեսպանը:
Հավելենք, որ Grand Vermeil-ը ծառայության համար պատվո շքանշան է: Մեդալը սահմանվել է 1948 թվականին և շնորհվում է երկարատև, ազնիվ և արգասաբեր աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան էր ժամանել օգոստոսի 30-ին` շրջափակված Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Նա այդ նպատակով մեկնել էր Սյունիքի մարզ` Կոռնիձոր, ապա եղել Գորիսում, այնտեղ ֆրանսիական պատվիրակության հետ մամուլի ասուլիսով հանդես եկել։ Դրան տեսակապով մասնակցել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։