ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ–ին։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` անգամ 2020 թ. պատերազմից հետո ՀՀ ֆինանսաբանկային համակարգը պահպանել է իր ներկայացվածությունը ԼՂ–ում` նպաստելով տնտեսության բնականոն գործունեությանը։
«ԼՂ կառավարության ու նրա ստեղծած հիմնադրամների պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ 2023 թ. դեկտեմբերի 29–ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումը ԼՂ–ում ստեղծված իրավիճակով պայմանավորված` անհնարին է դարձել։ Դա առաջ է բերել մի շարք բացասական ռիսկեր` մասնավորապես` ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ ու ֆինանսական կայունության էական խաթարում, ֆինանսական ու բանկային վարկանիշների էական վատթարացում, հետևաբար նաև տնտեսական ակտիվության նվազում»,– պարզաբանեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` նախագծով առաջարկվում է շուրջ 315 մլրդ դրամ ԼՂ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերությունների միջև` համապատասխանաբար 70/30 համամասնությամբ։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն իր մասնաբաժնից կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր` ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը։
«ՀՀ կառավարությունը նախատեսում է թողարկել պարտատոմսեր` առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով։ Արդյունքում ակնկալվում է էականորեն մեղմել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում առկա ռիսկերը»,– ընդգծեց նա։
Բացի այդ, ըստ նրա, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը, որպեսզի այդ մարդիկ հետագայում ՀՀ ֆինսաբանկային համակարգի հետ առնչվելիս խոչընդոտների չհանդիպեն։