ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով ընթացիկ տարում հիմնվել է 1967 հեկտար ինտենսիվ այգի, այն դեպքում, երբ կառավարության սահմանած տարեկան թիրախը 1000 հա է: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։
«Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրի շրջանակում ավելացված ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 15 000 հա, շահառուների թիվը եղել է 22 483»,- տեղեկացրել են վարչապետին։
Հաստատվել է նաև ջերմատնային տնտեսությունների նոր ծրագիրը։ Կնքման փուլում են 5 հա ջերմատուն կառուցելու ներդրումային ծրագրերը:
«Մենք պետք է դադարենք գյուղատնտեսություն ասելիս հասկանալ միայն գյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունը պարենային անվտանգությունն է: Սա պարենային անվտանգության հարց է, և ոլորտը պետք է դիտարկենք այդ տրամաբանությամբ: Ծախս-օգուտ հաշվարկն անելիս անպայման պետք է հաշվի առնենք նաև այս կոմպոնենտը»,- իր խոսքում շեշտել է վարչապետը։
Գյուղոլորտի բյուջեն այս տարվա ընթացքում նախատեսված է եղել 37 մլրդ դրամ, սակայն ընդհանուր ծախսը հասել է 47 մլրդ դրամի: Գյուղատնտեսական զարգացման ծրագրերի բյուջեն 2018 թվականի համեմատ աճել է 7 անգամ: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճն այս տարվա 9 ամիսների ընթացքում 1,7 տոկոս է: Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում հավաքագրվել է 1,8 մլրդ դրամ, վնասի հատուցումը կազմել է 2,6 մլրդ դրամ:
«Անասնաբուծության խոշոր ներդրումային ծրագրի շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում կնքվել է երեք պայմանագիր` շուրջ 18,5 մլրդ դրամի: Եվս 4 պայմանագրերի կնքման գործընթացն ընթացքի մեջ է, կանխատեսվող ներդրման գումարը կազմում է 22 մլրդ դրամ»,- տեղեկացրել են գերատեսչության պատասխանատուները։