ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ մարզերում ձյուն է տեղում

Հանրապետությունում կան ճանապարհներ, որոնք մերկասառուցի պատճառով դարձել են անանցանելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը։
Վարդենյաց լեռնանցքում բուք է, և ճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Նշվում է, որ Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի -Լանջառ ավտոճանապարհին, Ելփինի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից բեռնատարների համար արգելափակված Վերին Լարս տանող ճանապարհը երեկոյան արդեն բացվել էր։