ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Եկեղեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պահանջում է դպրոցներում գործածվող 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը դուրս բերել գործածությունից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հարցը քննարկվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ Խոսվել է կթրությանը, կրթական հաստատություններին առնչվող, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող թեմաներ։
«7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ են գտել հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, այդ թվում եկեղեցագիտական և կարևորագույն այլ բնույթի կոպտագույն սխալներ ու բացթողումներ։ Խոր մտահոգությամբ արձանագրվեց, որ դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգևոր կյանքի պատմական կարևորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշերը։ Աղճատված և սխալաշատ այս դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարևորագույն առաքելությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ձեռնամուխ լինի նոր դասագրքի ստեղծմանը՝ այդ գործընթացում ներգրավելով պատմաբանների, եկեղեցականների և գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի պատասխանատու ներկայացուցիչների։
Քննարկումն ավարտվել է Գարեգին Երկրորդի՝ մասնակիցներին ուղղված գնահատանքի և օրհնության խոսքով։