Հակառուսականություն չկա․ Ալեն Սիմոնյանը` ՌԴ-ի հետ զենքի հնարավոր գործարքի մասին

Ալեն Սիմոնյան
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հայ և ռուս ժողովուրդներն ամուր բարեկամական կապեր ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր գործարք կկնքվի։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ–ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
«Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր չակերտավոր խնդիրները կարող են քննարկված լինել»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողները հարց ուղղեցին, թե ինչպես հասկանալ վերջին շրջանի հակառուսականության ֆոնին զենքի առևտրի շուրջ քննարկումները։ Սիմոնյանը չհամաձայնեց «հակառուսականություն» ձևակերպման հետ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին բարեկամական կապեր են միավորում։
«Նախ «հակառուսականություն» բառը սխալ է ասված, որովհետև հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են, և ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել։ Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության, քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,- ասաց Սիմոնյանը։
Նա խնդրեց դա չվերածել հակառուսական ֆոնի։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։