Հայաստանը և Ռուսաստանը վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում համագործակցություն կսկսեն

Միխայիլ Մուրաշկոն նշել է, որ հայ մասնագետների փորձը հաշվի առնելով, պետք է նրանց ներգրավել մի շարք աշխատանքներում, այդ թվում վնասվածքաբանական համակարգերի մշակման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի բժշկական կենտրոնների միջև վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում համագործակցություն կսկսվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ ռուս-հայկական 8-րդ համաժողովի ընթացքում այդ մասով համաձայնագիր է կնքվել։
«Սա նոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք ներդնելու տեխնոլոգիական նոր ձեռքբերումները մեր երկրում, և այս փորձի փոխանակումը նույնպես դրան է ուղղված»,– ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն էլ ընդգծել է, որ ակտիվ համագործակցություն կա համատեղ կրթական ծրագրերի` հետբուհական կրթության, գիտական համաժողովների շրջանակներում: Ռուս նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով հայ մասնագետների հսկայական փորձը` ցանկալի է ներգրավել նրանց նաև գիտական աշխատանքներում, օրթոպեդիկ և վնասվածքաբանական համակարգերի մշակման գործում:
«Համաժողովը հնարավորություն էր գործընկերների միջև փորձի փոխանակման և արտադրանքի ներկայացման համար»,– ասել է Մուրաշկոն։
Հիշեցնենք, որ Ռուս-հայկական 8-րդ համաժողովը մեկնարկել է դեկտեմբերի 21-ին։