Երբ կկարողանա ՀՀ–ն շահավետ պայմաններով օգտվել իրանական նավահանգիստներից. Տերյանի պատասխանը

ՀՀ–ն շարունակում է Չաբահար նավահանգստում օպերատորական գործունեություն սկսելու աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ի և Իրանի միջև ոլորտային համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագրի ստորագրումից հետո ՀՀ–ն կկարողանա ավելի շահավետ պայմաններով օգտվել իրանական նավահանգիստներից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Հայտնել ենք, որ2023 թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ–ն ու Իրանը պայմանավորվել են ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտագործել իրանական նավահանգիստները:
«Այս պահին կողմերը քննարկումներ են անցկացնում և պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագրի ստորագրման վերաբերյալ»,– նշեց Տերյանը:
Ըստ փոխնախարարի` միայն դրանից հետո ՀՀ–ն ավելի պարզեցված ընթացակարգով կկարողանա օգտվել Իրանի երեք հիմնական նավահանգիստներից՝ Էնզելիից, Բանդար Աբբասից և Չաբահարից:
Տերյանն ընդգծեց, որ դա մտնում է «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության տրամաբանության մեջ։ Ըստ նրա` հուշագիրը թույլ կտա հայկական կողմի համար պարզեցնել լոգիստիկ հանգույցները։
Ինչ վերաբերում է Չաբահար նավահանգստում ՀՀ–ի օպերատորական գործունեությանը, ապա Տերյանը նշեց, որ հարցը քննարկման փուլում է ինչպես իրանական, այնպես էլ հնդկական կողմի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի միացմամբ մուլտիմոդալ արագընթաց բեռնափոխադրումների երթուղու ստեղծման ուղղությամբ: Խոսքը «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի ՌԴ և եվրոպական երկրներ՝ Սև ծովով։
Երևանն ու Նյու Դելին բանակցություններ են սկսել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: