Ձկնաբույծները բողոքի երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք

Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար
Ձկնաբույծները պահանջում են փակել ապօրինի գործող հորատանցքերը, որոնք, իրենց տվյալներով, 700-ի են հասնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Երևանում։ մի քանի տասնյակ քաղաքացիներ Հաղթանակի կամրջից երթով շարժվում են դեպի կառավարության շենք։
Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և արտեզյան ջրի կորուստների վերաբերյալ իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալ։
Ցուցարարները պահանջում են փակել ապօրինի գործող հորատանցքերը, որից հետո ձկնաբուծական տնտեսությունների համար ներդնել ջրի խնայողության համակարգերը:
«Թող փակեն այդ հորերը։ Եթե ջրի կորուստները չվերականգնվեն, մենք պատրաստ ենք քննարկել նոր համակարգի ներդրումը։ Բայց հիմա մենք չենք կարող դա անել, քանի որ նոր ներդրումները կկործանեն մեզ»,- ասաց ձկնաբույծ Արմեն Կարապետյանը։
Հիշեցնենք` ձկնաբույծները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև դեկտեմբերի 11-ին։ Նրանք ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից պահանջում էին հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ձկնաբուծության ներկայացուցիչների տվյալներով՝ 700 ստորգետնյա հորեր կան, որոնք ապօրինի են օգտագործվում։ Նրանց կարծիքով՝ գերատեսչությունը աչք է փակում այս փաստի վրա, թեև դա հանգեցնում է ջրային ռեսուրսների մեծ կորուստների։
Հիշեցնենք՝ Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց նոյեմբերի 22-ին։