Չինաստանում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի

Չինաստան
Որոնողափրկարարական աշխատանքներում և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են բանակն ու ոստիկանությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին`ժամը 23.59-ին (Երևանի ժամանակով 18.59-ին) Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգի Լինսիա-Հուեյի ինքնավար օկրուգի Ցզիշիշան-Բաոան-Դունսյան-Սալարի ինքնավար շրջանում:

Ճշտված տվյալներով՝ Գանսու նահանգում մահացել է 113 մարդ, Ցինհայ նահանգում` 31 մարդ, ևս 3-ը համարվում են անհետ կորած:

Աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ:
Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը 200 մլն յուան (մոտ 28 մլն դոլար) են հատկացրել Գանսու և Ցինհայ նահանգներին՝ տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար:
Դեկտեմբերի 19–ին Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանել է ուժեղացված՝ երկրորդ մակարդակի երկրաշարժերին արձագանքման ռեժիմ: Որոնողափրկարարական աշխատանքներում և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:
Իսլանդիայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել․ տեսանյութ