Բացի դաշնամուր նվագելուց, ՀՀ նախագահին որևէ լիազորություն թողնելո՞ւ եք. պատգամավոր

Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանի խոսքով` ոչնչով արդարացված չէ փաստը, որ ՀՀ վարչապետը նշանակի ԱԱԾ ղեկավար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ներկայիս իշխանությունը նախագահից խլում է բոլոր հնարավոր լիազորությունները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններով՝ ԱԱԾ ղեկավարին նշանակելու և ազատելու է ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը։
«Դուք նախագահին կթողնե՞ք որևէ լիազորություն, բացի դաշնամուր նվագելուց։ Դուք նրան զրկել եք գեներալական կոչումներ շնորհելու իրավունքից, հիմա զրկում եք նաև ԱԱԾ պետ նշանակվելու իրավունքից։ Եթե այս մարդը ձեր դուրը չի գալիս որպես նախագահ, հանեք, ուրիշին դրեք: Ընտրեք մեկ այլ մարդու, որն իրատեսորեն կպահպանի հավասարակշռությունը իշխանության թևերի միջև»,– հայտարարեց Խաչատրյանը։
Արմեն Աբազյանին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել. Փաշինյանը գոհ է ԱԱԾ–ի աշխատանքից
Ըստ նրա` ոչնչով արդարացված չէ փաստը, որ ՀՀ վարչապետը` որպես քաղաքական կերպար, նշանակի ԱԱԾ ղեկավար, քանի որ ԱԱԾ ղեկավարը սկզբունքորեն պետք է լինի ապաքաղաքական մարդ: Խաչատրյանը հիշեցրեց, որ դա է պատճառը, որ ԱԱԾ ղեկավար նշանակելու իրավունքը մնացել է ՀՀ նախագահին, որը, առնվազն օրենքով, նույնպես պետք է ապաքաղաքական լինի։
Պատգամավորի խոսքով՝ օրենսդրության նախկին մի քանի փոփոխություններն ընդլայնել են ՀՀ վարչապետի՝ ցանկացած մարդու ցանկալի պաշտոնում նշանակելու հնարավորությունները, ու հիմա էլ այս միտումը շարունակվում է։