Առուշ Առուշանյանին դատախազություն են հրավիրել. հայտնի է, թե ինչ գործի շրջանակում

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը . Արխիվային լուսանկար
Առուշանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է «Ազդարար» կայքէջում։
Նշվում է, որ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Առուշանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է հաղորդագրությունում։
Այս գործընթացի շրջանակներում դատախազություն հրավիրվել է նաև Առուշանյանի կինը՝ Միլենա Գասպարյանը։
Հիշեցնենք, որ մինչ այս Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Առուշ Առուշանյանը կալանավորվել էր 2021 թվականի հուլիսի 16-ից։ Իսկ 2022–ի մարտի 28–ին Առուշ Առուշանյանն ազատ էր արձակվել։