ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 333 մլն դոլար արժողությամբ ավելի քան 381 հազար կարատ մշակված ադամանդ։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։
Ադամանդի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38,5 տոկոսով։
«2019-2023 թթ. ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնություն ստացած ընկերությունների ներդրումային ծրագրերի ծավալը հասել է 267 մլրդ դրամի: 2023-ին դրանից օգտվել է 72 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է 777 մլրդ դրամ»,- նշվել է զեկույցի ընթացքում։
Վարչապետին հայտնել են, որ ոլորտում ակնկալվում է ստեղծել 4146 նոր աշխատատեղ: Միաժամանակ, «Ձուլակենտրոն» և «ԱՍԿԵ գրուպ» ընկերությունների ներդրումային ծրագրերով իրականացվել է 270 մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 1000 աշխատատեղ:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը:
«Բացի կորոնավիրուսի և պատերազմի տարվանից, մենք գլոբալ առումով տնտեսական աճի խնդիր չենք ունեցել: 2019 թվականին ունեցել ենք շատ մեծ տնտեսական աճ, 2021-ին, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, արտաքին անվտանգային խնդիրներ կային՝ կրկին 5 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»,- ասել է Փաշինյանը։
Նշենք, որ վերջին տարիներին ադամանդագործության ոլորտն առավել ակտիվացել է։ Եթե 2021-ին ադամանդի արտահանումը ընդամենը 100 միլիոն դոլար է կազմել, 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով՝ արդեն հասել էր 360 միլիոն դոլարի: