Ինչո՞ւ ամեն ինչ այդքան կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ 2018 թվականի այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո եկան նոր իշխանությունները։ Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը ներկայացնում է իր վարկածը՝ հիշելով Հայաստանի առաջին նախագահի ձևակերպումը խաղաղության և պատերազմի կուսակցությունների մասին. «Իրականում, գրում է հեղինակը, չկային պատերազմի և խաղաղության կուսակցություններ, կային հաղթանակի և պարտության կուսակցություններ։ Պարզապես ստացվեց այնպես, որ 2018 թվականին հաղթանակի կուսակցությունը պարտվեց պարտության կուսակցությանը և իշխանության եկավ բուն պարտության կուսակցությունը։ Եթե 2018 թվականին չհաջողվեր պարտության մատնել հաղթանակի կուսակցությանը, մենք չէինք ունենա պարտություն Արցախում։ Սա է ճշմարտությունը, ուրիշ ոչինչ»։
Սակայն գաղտնիք չէ, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, սիրում ենք բոլոր դժբախտությունները բարդել իշխանությունների վրա, այնինչ հանրությունն էլ միատարր չէ՝ կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն գնով հաղթահարել բոլոր դժվարություններն ու առաջ գնալ։ Բայց մեր որոշ մասն էլ համակերպվում է իրականության հետ, որքան էլ այն դառը լինի։
Օգտատերերից մեկն այս երկու խմբերն անվանում է «աճի» մտածողությամբ մարդիկ և «ֆիքսված» մտածողությամբ մարդիկ։
Մեջբերեմ. «Ֆիքսված մտածելակերպով դուք հավատում եք, որ այնպիսին եք, ինչպիսին կաք, և չեք կարող փոխվել: Սա խնդիրներ է ստեղծում այն ժամանակ, երբ ձեզ մարտահրավերներ են նետում, քանի որ մտածում եք, որ ձեր ողջ էությամբ դուք ի վիճակի չեք դիմադրելու այդ մարտահրավերներին: Դուք ինքներդ ձեզ և ուրիշներին համոզել եք, որ այդպիսն եք և անիմաստ է ձգտել ավելի լավը դառնալ, ավելի կատարելագործվել, ավելի նորոգվել և աճել։ Դուք ֆիքսվել եք ձեր տկարությունների և սահմանափակումների վրա՝ անտեսելով ձեր ուժեղ կողմերը, որոնք պետք է կատարելագործեք և զարգացնեք։ «Աճող» մտածելակերպ ունեցող մարդիկ հավատում են, որ կարող են բարելավվել իրենց ջանքերի և նվիրումի շնորհիվ, նրանք ավելի լավ են կարողանում հաղթահարել դժվարությունները: Նրանց համար դժվարություններն ու մարտահրավերները ոչ թե դժբախտ զգալու առիթ են, այլ աճելու, դեպի լավը փոխվելու հնարավորություն։ Հետևաբար, նրանք գերազանցում են ֆիքսված մտածելակերպ ունեցողներին, քանի որ ընդունում են մարտահրավերները՝ դրանց վերաբերվելով որպես նոր բան սովորելու հնարավորություն,- գրում է հեղինակը՝ ամփոփելով,–«ֆիքսված» մտածելակերպ ունեցող մարդիկ սահմանափակ երևակայություն և մտքի թռիչք ունեն։ «Աճող» մտածելակերպ ունեցողները պրպտող են, նորարար և հետաքրքիր»։
Հիշո՞ւմ եք, թե 2023 թվականի ընթացքում, մանավարդ վերջին ամիսներին, Հայաստանի և Ադրբեջանի տարբեր մակարդակի պաշտոնյաները քանի անգամ են պնդել, թե այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Տարին ավարտվում է, իսկ մենք տեղյակ չենք նույնիսկ այդ խորհրդավոր փաստաթղթի մանրամասներից։ Պարզապես ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր առաջարկներ հնչեցնել, որոնք, ինչպես նշում են սոցցանցերի օգտատերերը, ամենևին չեն բխում Հայաստանի շահերից։
Ահա ֆեյբուքյան գրառումներից մեկը. «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին, ասել է Հիքմեթ Հաջիևը: Դիվանագիտական շերտը եթե հանենք, կարծիք է հայտնում օգտատերը, կստացվի, որ Ադրբեջանի նախագահի օգնականն ասում է՝ խաղաղության թղթով զիջումներն արեք, հետո կմտածենք, թե ինչ տարածքի մասով ենք ձեզ «կադաստրի վկայական» տալիս»:
Եվ իհարկե, սոցիալական ցանցերը պարզապես ողողված են Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնախմբությունից հետո: