Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 230 օբյեկտ է գրոհել

ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է Գազայի հատվածի հարավում գտնվող շենքերից մեկը, որտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցած օրվա ընթացքում Գազայի հատվածի տարածքում ՀԱՄԱՍ-ի շուրջ 230 օբյեկտ է գրոհել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անկլավի Հյուսիսային Ջաբալիա շրջանում դպրոցի տարածքից խաղաղ բնակչության տարհանման ժամանակ ՑԱԽԱԼ-ի մարտիկները ուսումնական հաստատությունը խուզարկելիս ՀԱՄԱՍ-ին պատկանող զենք են հայտնաբերել :
Բանակը հայտարարել է, որ անկլավի հարավում գտնվող Խան Յունիսում իսրայելցի զինվորականները շենքերից մեկում ՀԱՄԱՍ-ի մարտիկների են հայտնաբերել, ինչից հետո ՑԱԽԱԼ-ի կործանիչը ոչնչացրել է շենքը: Բացի այդ, այդ շրջանում հայտնաբերվել և ոչնչացվել է արձակման կայան՝ հրթիռների հետ միասին, որոնք ուղղված են եղել դեպի Իսրայելի տարածք:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: