ՀՀ–ում կես տարով կերկարաձգվի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը

Մետաղի ջարդոն
Կառավարությունը նպատակահարմար է գտել արտահանման արգելքը երկարաձգել, քանի որ վերջին տարիներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում, մետաղի ջարդոնի գները սկսել են աճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կես տարով՝ 2024 թ. հունվարի 29–ից մինչև հուլիսի 29–ը, կերկարաձգվի սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վերջին տարիներին ՀՀ–ում սկսել է զարգանալ վերամշակվող նյութերի վրա հիմնված մետալուրգիական արտադրությունը։ Ընդ որում` արտադրվում են ինչպես ամրաններ, քանի որ ՀՀ–ում երկաթի սեփական հանքեր չկան, այնպես էլ պղնձե մետաղալարեր։
Այս արտադրությունների զարգացումն ակտիվացավ, երբ ՀՀ կառավարությունը 2020 թ. արգելեց ջարդոնի արտահանումը։ Կառավարությունը նպատակահարմար է գտել արտահանման արգելքը երկարաձգել, քանի որ վերջին տարիներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում, մետաղի ջարդոնի գները սկսել են աճել։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թ. հունվար–օգոստոսին պողպատե շինանյութերի արտադրությունն աճել է մոտ 60%–ով՝ կազմելով 52,2 հազար տոննա, իսկ ամրաններինը՝ 17%–ով՝ կազմելով 67,2 հազար տոննա։
Վերջին տարիներին նման արտադրություններում աճել են նաև ներդրումները. ՀՀ կառավարության գնահատմամբ՝ դրանց ընդհանուր ծավալը սպասվում է տարեկան մոտ 100 մլն դոլար, ինչը կօգնի ստեղծել մինչև 750 նոր աշխատատեղ:
Չինաստանից արտահանման աճի նշաններն առաջ են մղում պղնձի համաշխարհային գները