ՀԱՄԱՍ-ի անդամները կարող են հանձնվել կամ մեռնել․ Նեթանյահու

Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ին վերացնելուց հետո ամեն ինչ կանի, որ Գազան այլևս որևէ վտանգ չներկայացնի Իսրայելի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրադադարի դիմաց Գազայի հատվածից պատանդներին ազատելու նոր համաձայնագրի շուրջ մամուլում քննարկումների ֆոնին ասել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ մինչև հաղթանակ, իսկ պաղեստինյան շարժման անդամները միայն մեկ ընտրություն ունեն՝ հանձնվել կամ մեռնել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կռվում ենք մինչև հաղթանակ: Մենք չենք դադարեցնի պատերազմը, մինչև չհասնենք բոլոր նպատակներին՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար վերացում և մեր բոլոր պատանդների ազատ արձակում: Ընտրությունը, որը ես առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ին, շատ պարզ է՝ հանձնվել կամ մեռնել»,– ասել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ ՀԱՄԱՍ-ին վերացնելուց հետո ամեն ինչ կանի, որ Գազան այլևս որևէ վտանգ չներկայացնի Իսրայելի համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: