ԱԺ է ներկայացվել զբոսավարների և հյուրանոցների աշխատանքի կանոնների մասին նախագիծը

Զբոսավարների մասնագիտական հմտությունները կստուգվեն, իսկ տուրօպերատորները չեն կարողանա անվերահսկելիորեն փոխել գները։ Արտագնա տուրիզմի օպերատորները պետք է երաշխիքային գումարներ ներդնեն արտասահմանում արտակարգ դրության դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը կուժեղացնի վերահսկողությունը զբոսաշրջային օպերատորների նկատմամբ, իսկ զբոսավարները պետք է քննություններ հանձնեն։ Տեղեկությունը նշված է «Զբոսաշրջության մասին» օրինագծում, որը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտականհանձնաժողովում։
Ինչպես նշեց օրինագիծը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը (հիմնական զեկուցողը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նիստին չի ներկայացել), ստուգվելու են ոչ միայն զբոսավարների գիտելիքները (պատմություն, լեզուների իմացություն և այլն), այլև նրանց հաղորդակցման հմտությունները: Կստուգվի ուղեկցորդների ֆիզիկական պատրաստվածությունը (արտակարգ պատահարի համար, օրինակ՝ լեռներում)։
Լավագույն ցուցանիշը. միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Օրինագծի ընդունումից հետո կառավարությունը զբոսաշրջային ավտոբուսներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ կսահմանի: Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա նոր շենքերում պետք է հասանելիություն ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար (ոչ միայն մուտքի մոտ, այլև հյուրանոցային ծառայություններից օգտվելիս):
Ինչ վերաբերում է սպառողների հետ հարաբերություններին, ապա տուրիստական ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է ներառի բնակության պայմանները, այցելությունների ծրագիրը, ինչպես նաև տուրիստական փաթեթի գինը՝ մանրամասն բաշխմամբ:
Դրանից հետո գինը կարող է փոխվել միայն այն գործոնների պատճառով, որոնք հնարավոր չէ նախապես կանխատեսել։ Նման գործոնների թվում են տարադրամի փոխարժեքը, տրանսպորտային ծառայությունները (ներառյալ վառելիքի գները), հարկերի և տուրքերի փոփոխությունները։ Սպառողը պետք է տեղեկացվի գնի փոփոխության մասին (հիմնավորմամբ և հաշվարկներով) ուղևորությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ: 8%ից ավելի բարձրացման դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի չեղարկել պայմանագիրը՝ առանց տուգանքների վճարման: Բացի այդ, արտագնա տուրիզմի օպերատորները (Հայաստանից արտերկիր) պետք է ներկայացնեն երաշխիքային գումարներ (ուղևորության ընթացքում զբոսաշրջիկների հետ չնախատեսված իրավիճակների համար): Այդ վճարումների չափերը սահմանելու է կառավարությունը։
Որքան է ծախսում մեկ զբոսաշրջիկը Հայաստանում
Օրինագիծը խիստ քննադատության է արժանացել ընդդիմադիր պատգամավորների կողմից։ Ինչպես հայտարարել է «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը, նման կանոններն արդյունաբերությունից դուրս են մղում փոքր ընկերություններին, որոնք իրենց և իրենց ընտանիքների համար եկամուտ են ապահովում: Առուշանյանը հակադարձեց՝ քանի որ զբոսաշրջությունը երկիրը ներկայացնելու միջոց է, այստեղ բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջվում։
«Չի կարելի, օրինակ, Եգիպտոս ուղեգրեր վաճառել՝ բակում կրպակ բացելով, այնտեղ համակարգչով նստած, հետո ոչ մի բանի համար պատասխան չտալ», - ասաց նա:
Դեկտեմբերի 22-ին օրինագիծը կներկայացվի խորհրդարանի արտահերթ լիագումար նիստին, որն այս տարի վերջինն է: