Արգենտինայի նոր նախագահը տնտեսության մեջ արտակարգ դրություն է հայտարարել

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյնը. Արխիվային լուսանկար
Արտակարգ դրությունը Միլեյին անհրաժեշտ է տնտեսության ազատականացմանն ուղղված բարեփոխումների փաթեթի ընդունումն արդարացնելու համար` առանց դրանք առանձին-առանձին Կոնգրեսի միջոցով անցկացնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյն արտակարգ դրություն է հայտարարել տնտեսության, առողջապահության և սոցիալական ոլորտներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Արգենտինայի կառավարական տեղեկագրում հրապարակված հրամանագրին։
«Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկաբյուջետային, վարչական, կենսաթոշակային, սակագնային և սոցիալական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում»,-ասվում է փաստաթղթում։
Արտակարգ դրության հայտարարումը Միլեյին անհրաժեշտ է տնտեսության ազատականացմանն ու ապակարգավորմանն ուղղված բարեփոխումների փաթեթի ընդունումն արդարացնելու համար` առանց դրանք առանձին-առանձին Կոնգրեսի միջոցով անցկացնելու։ Ընդհանուր առմամբ, հրամանագրում ավելի քան 360 հոդված կա, որոնց զգալի մասը չեղյալ է հայտարարում գործող օրենքները կամ փոփոխություններ է կատարում դրանցում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ պահից էլ կառավարությունը պետք է այն ներկայացնի Կոնգրեսի հաստատմանը։ Հրամանագիրը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն էլ այն անվավեր ճանաչեն:
Երեկ երեկոյան Միլեյն ուղերձով դիմել է ազգին` հայտարարելով արտակարգ հրամանագիր ստորագրելու մասին: Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումներ, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի դյուրացման համար մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը:
Արգենտինայի նորընտիր նախագահի առաջին հրամանը. երկրում 20 նախարարությունից 11–ը կրճատել