Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի Կառլի համալսարանի զոհերի ընտանիքներին և ընկերներին

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Պրահայի կենտրոնում գտնվող համալսարանում այսօրվա հրաձգության հետևանքով եղած զոհերի առնչությամբ։

«Խորապես վշտացած եմ Կառլի համալսարանում ողբերգական հրաձգության լուրից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և ընկերներին, մաղթում նրանց տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»–X–ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ չեխ ժողովրդին։
Հիշեցնենք` այսօր Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 15-ը, առնվազն 24 վիրավոր կա։ Հրաձգության հեղինակն ինքնասպանություն էր գործել դեպքի վայրում։