Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել են. հայտնի է` ինչ են քննարկել

Իմանգալի Տասմագամբետովն ու Արարատ Միրզոյանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել այսօր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ:
Հիշեցնենք` Տասմագամբետովը Հայաստան է ժամանել այսօր։