ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն բարձր է գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը և ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապուաշվիլին ՀՀ է ժամանել Ալեն Սիմոնյանի հրավերով։ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
«Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին և վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»` Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին:
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,– ասել է ԱԺ նախագահը:
Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատև կայունության և զարգացման երաշխիք կարող է լինել:
Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին մտքեր են փոխանակել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։