Առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձինք Սյունիքի մարզում ձերբակալվել ու ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ և վարող Աշոտ Գևորգյանն ու բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով մեկ օր անց ազատ էին արձակվել։
Ըստ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը հրազեն ու ռազմամթերք իրացնելու պահին են ձերբակալվել։
Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։
Աշոտ Գևորգյանի վերաբերյալ դատախազի որոշման մասին Սպուտնիկ Արմենիային մանրամասներ է ներկայացրել Գևորգյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը։