Տիգրան Մեծի պողոտայի խանութներից մեկում բռնկված հրդեհից տուժած իրանցու վիճակը բավարար է

Հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի խանութներից մեկում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երեկ տեղեկացրել էինք, որ ժամը 14.00-ի սահմաններում Տիգրան Մեծի 36 հասցեում գործող խանութում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով Իրանի քաղաքացի է տուժել։ Նա գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երեկ ՆԳՆ–ն հայտնել էր, որ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ըստ Աբրահամյանի` այժմ բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատում։
ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող։ Այրվել է խանութի մոտ 50քմ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը)։
Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։