ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան է հասել Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ն։
Նշվում է, որ 17 տոննա բեռը պարունակում է հիգիենայի պարագաներ, սնունդ և կաթսաներ։ Օգնության երկրորդ խմբաքանակը (վառարաններ ու հիգիենայի պարագաներ) գտնվում է մաքսատանը, թղթաբանության փուլում է։
Հայաստան հասած օգնությունը պատրաստվում են արցախցի ընտանիքներին տրամադրել մինչև Ամանոր։
Օգնության երրորդը խմբաքանակում միայն վառարաններ են լինելու։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։