ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելը խոսքի ազատության սահմանափակում է։ Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովն այսպես է մեկնաբանել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։
«Կարող եմ ասել, որ ոչ վաղ անցյալում՝ մեկ ամիս առաջ, Հայաստանում էի։ Մենք լրագրողական համաժողով անցկացրինք։ Գիտեմ մարդկանց տրամադրությունը։ Եվ հասկանում եմ, որ Հայաստանում շատերը գիտեն ռուսերեն, և նրանց համար ռուսական ալիքների հեռարձակումը տեղեկատվական հոսքի մի մասն է, նրանք սովոր են տեղեկատվություն ստանալ և հետևել ռուսական լրատվամիջոցներին։ Եվ, իհարկե, նրանց համար դա կլինի խոսքի ազատության և տեղեկատվության տարածման ազատության խախտում»,- նշել է Սոլովյովը։
Նա հիշեցրել է, որ հայ և ռուս հասարակություններն ունեն բարեկամական, գործընկերային ամուր կապեր։ Երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային կապերը, ոմանց՝ ազգակցական։
«Այդ պատճառով, իհարկե, չարժեր այսկերպ խզել հեռարձակումն ու կապը»,- եզրափակել միության նախագահը։
Հիշեցնենք` ՀՌՀ-ի այսօրվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։
Հավելենք, որ ՀՌՀ-ի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված որևէ վիրավորական խոսք չկա։ Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, ապա ՀՌՀ-ի նշած «ոչ հավաստի, չստուգված տեղեկությունները» հեղինակ Արման Աբովյանի կարծիքն է եղել. «Եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։