ՌԴ Պետդումայում գրաքննությունն են որակել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակման կասեցումը

Ալեքսեյ Չեպա
Խորհրդարանականը կարծում է, որ ՀՀ իշխանություններն այսպիսով փորձում են խուսափել հանրության շրջանում կուտակվող դժգոհություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայում գրաքննության ակտ են անվանել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշումը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում պաշտոնական Երևանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում ռուսական կառույցների նկատմամբ:
«Պաշտոնական հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչպես օրինակ Ղարաբաղի պարագայում։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի սխալն է։ Եվ որոշ կառույցների հետ խաղալու փորձեր է, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար»,- նշել է Չեպան։
Խորհրդարանականի կարծիքով՝ գրաքննության այսպիսի դրսևորման նպատակն է այնպես անել, որ նվազագույն տեղեկատվություն հասնի քաղաքացիներին, խեղաթյուրվի, որ խուսափեն Հայաստանում կուտակվող դժգոհություններից։
Հիշեցնենք` ՀՌՀ-ի այսօրվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։
Հավելենք, որ ՀՌՀ-ի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված որևէ վիրավորական խոսք չկա ։ Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, ապա ՀՌՀ-ի նշած «ոչ հավաստի, չստուգված տեղեկությունները» հեղինակ Արման Աբովյանի կարծիքն է եղել. «Եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։
«Տոսպայի» փաստաբանը համաձայն չէ Sputnik Արմենիայի վերաբերյալ որոշման հետ