Փաշինյանն Իրանի նախագահի հետ քննարկել է երկկողմ պայմանավորվածությունները

Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում կայացավ արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Հանդիպման արդյունքում 9 կետից բաղկացած հայտարարություն ընդունվեց, որում ընդգծվում էր վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը։
Նշենք, որ առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։