ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի ԳՎ–ն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթը կոչ է անում պետություններին վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը բոլոր համապատասխան միջոցներով, այդ թվում` օրենսդրական։
Բանաձևին կողմ է քվեարկել 118 երկիր, դեմ` 49, ձեռնպահ` 14։
Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը փաստաթղթին կողմ քվեարկած երկրների թվում էին։
Դեմ են հանդես եկել ԱՄՆ–ն, Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Ուկրաինան, Կանադան, Վրաստանը, Լեհաստանը, Շվեդիան և մի շարք այլ երկրներ։
Նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևի նախագիծը նախապատրաստել էր Ռուսաստանը, որոշ երկրներ համահեղինակ են եղել, այդ թվում` Բելառուսն ու Սիրիան։ ՌԴ–ն ամեն տարի նման փաստաթուղթ է ներկայացնում ՄԱԿ–ի ԳՎ–ի քվեարկությանը։
Փաստաթղթում մասնավորապես դրույթ կա նացիզմի հերոսացման և քարոզի հետ կապված միջադեպերի վճռական դատապարտման, պատմական ճշմարտությունը պահպանելուն ուղղված ջանքերը ողջունելու, խորհուրդ միջոցներ ձեռնարկելու մասին` կանխելու համար մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը, պատմության ու Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքների վերանայումը։
Բացի այդ, բանաձևն անվերապահորեն դատապարտում է ցեղասպանության ցանկացած մերժում կամ մերժման փորձ, ինչպես նաև էթնիկ ծագման կամ կրոնական համոզմունքների պատճառով կրոնական անհանդուրժողականության, հետապնդման կամ բռնության, սադրանքի բոլոր դրսևորումները առանձին անձանց կամ համայնքների նկատմամբ։