Կեղծիքի հերթական չափաբաժինը․ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ վարչապետը փորձում է խուսափել պարտված պատերազմի և Արցախի հայաթափման համար պատասխանատվությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
«Երեկ վարչապետը դուրս բերեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը»,- նշված է հայտարարության մեջ։
Միկոյանի խոսքով՝ իրենք բավականին ձանձրացել են՝ ամեն անգամ ստիպված լինելով հերքել ակնհայտ սուտը։ Ընդգծում է՝ որքան էլ վարչապետն իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնույնն է, ամբողջությամբ նրա խղճին է:
«Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»,- եզրափակում է Միկոյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, երեկ Հանրային հեռուստատեսության եթերում, խոսելով բանակցային գործընթացի մասին, ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում:
Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ըստ նրա՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, դրանով կարելի էր ասել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: