ՀՌՀ–ն 30 օրով կասեցրել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը

Sputnik
Հանձնաժողովն իբրև թե օրենքի խախտումներ է հայտնաբերել և 500 հազար դրամի չափով տուգանել ընկերությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցվել է, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Նման որոշում է կայացվել այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում։ Եթերի կասեցումից բացի, ընկերության նկատմամբ վարչական երկու վարույթ է հարուցվել, ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով։
Հանձնաժողովը համարում է, որ եթերում խախտվել են «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» որոշ դրույթներ։
Ըստ կազմված արձանագրության՝ առաջին վարույթը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդմանը․ նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը իբրև թե ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ է արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի:
Երկրորդ վարչական վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։ Ըստ հաղորդագրության՝ հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում։ Հաղորդման ընթացքում, ըստ հանձնաժողովի, հնչեցվել են ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:
Հավելենք, որ Քեոսայանի հաղորդումը չի պատրաստվել հայկական խմբագրության կողմից, այլ ռուսական հեռարձակման մաս է եղել։