ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով, և ՀՀ–ն ձգտելու է հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Հայ–ռուսական կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։
Մենք ՌԴ–ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումով»,–ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ ՀՀ անվտանգության մասով, որոնք ի վիճակի չի եղել կատարել։
«Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»,–հավելեց իշխանական պատգամավորը։
Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական նոտաներով։