ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Կենսանվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն առաջին հերթին ուղղված է Հայաստանի տարածքում գտնվող լաբորատորիաներում կենսաբանական փորձեր իրականացնելու ամերիկյան զինվորականների փորձերի կանխմանը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն այս հայտարարությունն արեց «Կենսանվտանգությունը ԵԱՏՄ երկրներում» խորագրով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որին միացել էր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի մայիսին երկու երկրների արտգործնախարարների կողմից կենսաբանական անվտանգության մասին ստորագրված հուշագիրը նախառաջ վերաբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից հետխորհրդային հանրապետությունների կենսալաբորատորիաների հանդեպ հետաքրքրվածությանը։
«Հուշագրի շրջանակում լուծվում են վարակիչ հիվանդությունների հարուցիչների առանձնացման միևնույն մեթոդների, հետազոտությունների ներդաշնակեցման, կադրերի պատրաստման, սարքավորումների փոխանակման հետ կապված հարցերը։ Աշխատանքները տարվում են, իրականացվում է տվյալների փոխանակում: Ամենակարևորը վարակիչ անվտանգության վիճակի մասին ժամանակին տեղեկացնելն է։ Բայց կա նաև երկրորդ մասը՝ կախված նրանից, թե ինչ կենսանվտանգության մասին ենք խոսում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է հետաքրքրվել Հայաստանի լաբորատորիաներով։ Եվ ահա հուշագիրը վերաբերում է նաև այս՝ երկրորդ մասին», - նշեց Օնիշչենկոն։
Ակադեմիկոսն ընդգծեց, որ վարակը սահմաններ չի ճանաչում, չի տարբերակում քաղաքական համոզմունքներն ու էթնիկ գործոնները, իր ճանապարհին քանդում է ամեն ինչ։ Այս առումով նա կարևորեց պատվաստումների հարցում երկու երկրների համատեղ աշխատանքը՝ որպես բոլոր վարակների դեմ հավաքական իմունիտետների ստեղծման հիմք:
Հայաստանի բոլոր մարզերում գործում է 12 կենսալաբորատորիա, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված, դրանցից երեքը՝ Երևանում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում գործող կենսալաբորատորիաները հանրապետության սեփականությունն են, թեև ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ: