ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ղրղզստանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի դրոշի փոփոխման մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։
«Պատգամավորներն ուսումնասիրել և երկրորդ ու երրորդ ընթերցմամբ ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության «Պետական խորհրդանիշների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը», – հայտնել է մամուլի ծառայությունը։
Նախաձեռնության հեղինակներն են խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շաքիևն ու պատգամավոր Ուլան Պրիմովը։ Պետական դրոշի տարրի փոփոխմանն աջակցել է նախագահ Սադիր Ժապարովը։
Ավելի վաղ Ղրղզստանի կառավարությունն աջակցություն էր հայտնել երկրի դրոշի վրա արևի պատկերի փոփոխման գաղափարին, քանի որ այն արևածաղկի էր նման։