ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների զոհ է դարձել 20 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը` հղում անելով Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությանը։
«20 հազար մարդ է զոհվել, 52,6 հազարը` վիրավորվել։ Զոհվածներից 8 հազարը երեխաներ են, 6,2 հազարը` կանայք։ Բացի այդ, 6,7 հազար մարդ համարվում է անհետ կորած»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավերվել է 308 հազար կացարան, 53 հազարը՝ ամբողջությամբ, 255 հազարը՝ մասնակի:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: