ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում արդյունաբերության ոլորտի ցածր ցուցանիշները ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում են և անհանգստացնող են։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այն զսպողական քաղաքականությունը, որը վարում էր և վարում է ՀՀ կենտրոնական բանկը, որպեսզի գնաճի դեմ պայքարն արդյունավետ լինի, հանգեցրել է մեր արտահանողների համար պայմանների վատացման՝ դրամի արժևորման հետևանքով: Դա հանգեցրել է արդյունաբերության ճյուղերի չաճելուն»,– ընդգծեց նախարարը:
Ըստ նրա` տնտեսությունը բավականին արագ է զարգանում, բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի:
Բացի այդ, նախարարի խոսքով, տեխնոլոգիական վերափոխման արդիականացման ընթացքում որոշակի ժամանակ է հարկավոր, որ ընկերություններն իրենց նոր սարքավորումների, նոր հոսքագծերի արդյունքը տեսնեն:
«Արդյունաբերական սարքավորումների ձեռքբերման համար գործող լիզինգի ծրագրերով մոտավորապես 250 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել վերջին 2–3 տարվա ընթացքում: Այդ ծավալն, անշուշտ, իր արդյունքը կտա»,– համոզմունք հայտնեց Քերոբյանը:
Նա վստահեցրեց, որ արդեն հաջորդ տարի արդյունաբերության ոլորտում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն:
Նշենք, որ Հայաստանում արդյունաբերության արտադրությունը 2022 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 8% հիմնականում շինանյութի հաշվին (ցեմենտ, ամրաններ և այլն)։ Սակայն այս տարի աճը կտրուկ դանդաղել է․ հունվար-փետրվարիին այն կազմել է 1%, հունվար-հունիսին՝ նույնքան, իսկ հունվար-օգոստոսի արդյունքներով կրճատվել 0,1%-ով։