ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ԿԸՀ ղեկավարների խորհրդատվական խորհուրդը քննարկել է Ռուսաստանի նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուզբեկստանի ԿԸՀ-ին, որը նախագահում է խորհրդում։
ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։
Նշվում է, որ դեկտեմբերի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել էխորհրդատվական խորհրդի 2-րդ նիստը: Նիստին մասնակցել են խորհրդի անդամները՝ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարները:
«Նիստում քննարկվել է խորհրդատվական խորհրդի անդամների մասնակցությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությունների (կկայանան 2024 թվականի փետրվարի 25-ին) և Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների դիտարկմանը», -ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև խորհրդատվական խորհրդի աշխատանքային կարգի հաստատումը, ինչպես նաև ընտրական գործընթացում երիտասարդների և երիտասարդական միավորումների ներգրավման հարցը:
«Որոշում է ընդունվել 2024 թվականի երկրորդ կիսամյակում Ուզբեկստանի Հանրապետությունում ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական նիստն անցկացնելու մասին»,-հավելել են մամուլի ծառայությունում:
ԱՊՀ երկրների ԿԸՀ ղեկավարների խորհրդատվական խորհուրդ ստեղծելու մասին որոշումն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։ Ուզբեկստանի նախագահությամբ առաջին նիստը կայացել է այս տարվա հուլիսին։