Անահիտ Մանասյանն այցելել է ՔԿՀ-ներ ու առանձնազրույցներ ունեցել ազատազրկված դատավորների հետ

«Աբովյան» ՔԿՀ
Չհայտարարված այցի ընթացքում նաև ուսումնասիրվել են դատավորների պահման պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատազրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն։
«Այցի շրջանակներում պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է 2022-ի հոկտեմբեր 19–ին։ Նրա կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, վերջին որոշմամբ նա կալանքի տակ կմնա մինչև 2024 թ.–ի մարտի 18–ը։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արուսյակ Ալեքսանյանի առողջական վիճակը վատթարացել է։
Դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել է Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը։