ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է այսօր Ազգային անվտանգության ծառայություն կատարած այցի ժամանակ։
Նա նշել է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին էլ գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը:
«ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն»,- իր խոսքում ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է իրենց ծառայության նշանակությանը համարժեք աշխատավարձ ստանան, բարձրացվեն սոցիալական երաշխիքների ստանդարտները: Կառավարության ղեկավարը հավելել է, որ աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով: Խոսքը գործարկված ատեստավորման մեխանիզմի մասին է։
Փաշինյանն անդրադարձել է նաև ի հայտ եկած նոր մարտահրավերներին, օրինակ` կիբեռանվտանգությունը, որն ամեն օրվա հետ ավելի կարևոր ու հրատապ խնդիր է դառնում։ Նա շեշտել է, որ պետք է շատ կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկվեն պետության, պետական մարմինների, կառավարման համակարգի անվտանգության ապահովման համար: