Ունենք արդյոք ձեռքբերումներ, որ շուքով ու ճոխությամբ նշենք Նոր Տարին․ Դավիթ Մարգարյան

Sputnik
Երևանն արտաքին ձևավորմամբ պարաստ է դիմավորել ամանորը։ Երեկ վառվեց տոնական լուսավորությունն ու այսուհետև, ամենայն հավանականությամբ` մինչև հին նոր տարի, երեկոյան Երևանի փողոցներում վառվելու են տոնական լույսերը։
Իսկ թե որքան է դա արժեցել` Sputnik Արմենիան հարցում է ուղարկել քաղաքապետարան։ Պատասխանը հետաքրքիր բացահայտումներով է։ Պարզվում է, Երևանի կենտրոնի և մասնավորապես Հանրապետության հրապարակի ձևավորման համար անցյալ տարվա նույն լույսերով, նույն Սինեմարտին և նույն` առանց մրցույթի կարգով, այս տարի տրամադրվել է ոչ թե նույն գումարը, այլ 11 միլիոն 400 հազար դրմամով ավելի։
Ընդ որում, այդ 202 միլիոն 406 հազար դրամը չի ներառում գլխավոր տոնածառի և մյուս համայնքներում տեղադրված տոնածառերի ծախսը։ Դրանց համար քաղաքապետարանը ևս 22 մլն դրամ է վճարել «Ձևավորում և սպասարկում» ընկերությանը։
Ու սրանից բացի էլ` կան վարչական շրջաններ, որոնք որոշել են իրենց ձևավորումն ու լուսավորությունը պատվիրել, բնականաբար` դարձյալ երևանցիների հաշվին։
Մեր վճարած հարկերով համայնքային պաշտոնյաները Նոր Տարին նաև ճոխ սեղանների մոտ կնշեն. Նոր Նորքում օրինակ երևանցիների կենացը կխմեն 3 միլիոն դրամանոց սեղանի շուրջ, 30 միլիոն դրամ էլ ծախսել են Գայի արձանի շրջակայքի ձևավորման և տոնական միջոցառման համար։ Ու զուգահեռաբար, նախատեսված չէ աջակցություն Արցախից բռնի տեղահանվածների կամ սոցիալապես անապահով ընտանիքների համար։
Քաղաքը կառավարողների պերճանքն ու քաղաքաբնակների թշվառությունը. Ամանորի ծախսերի թեմայով Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագիտության թեկնածու, տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանի հետ։