Նույն տնտեսական վիճակում ենք. ինչն է Հայաստանում տպավորել Բոտսվանայի արտգործնախարարին

Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն Երևանում
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկրներին թույլ կտա զարգացնել համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանն ու Բոտսվանան տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն։ Երկու երկրներին միավորում է դեպի ծով ելքի բացակայությունը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն։
Դեկտեմբերի 14–ին Հայաստանի և Բոտսվանայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Լեմոգանգ Կվապեն Երևանում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն են ստորագրել: Հայկական կողմը հույս է հայտնել, որ դա կօգնի զարգացնել երկկողմ հարաբերությունները տարբեր՝ գյուղատնտեսության, գիտության և կրթության ոլորտներում` համագործակցությունից մինչև միջազգային հարթակներում փոխգործակցություն:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Կվապեն խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է հայերի հյուրընկալությունից ու բարությունից։
«Հայաստանն ու Բոտսվանան տարածքով, բնակչության թվով նման են։ Մեզ միավորում է նաև այն, որ մենք մոտավորապես նույն տնտեսական վիճակում ենք գտնվում։ Պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը հայկական կողմի հետ»,- ասաց Կվապեն։
Նրա խոսքով՝ Բոտսվանան շատ բան կարող է սովորել Հայաստանից տրանսպորտային հաղորդակցությունների առումով։ Նախարարը պարզաբանեց, որ հայկական կողմը երկու հարևան երկրների կողմից տրանսպորտային շրջափակման պայմաններում արտաքին առևտրի զարգացման հարուստ փորձ ունի։
«Ձեզ հաջողվել է լոգիստիկ տրանսպորտային ցանց ստեղծել, որը նպաստում է ապրանքների և ծառայությունների արտահանման զարգացմանը։ Բացի այդ, դուք կարգավորել եք տարանցումը ձեր երկրով,-ասաց Կվապեն։
Այս առումով Բոտսվանային հետաքրքիր է Հայաստանի փորձը։ Երկրները կարող են համագործակցել պղնձի և այլ օգտակար հանածոների արդյունահանման մասով։ Իր հերթին Բոտսվանան կարող է հետաքրքրել ադամանդների արտադրությամբ, հաղորդակցությունների և ծառայությունների համակարգի զարգացմամբ։ Բոտսվանան նաև աշխատում է երկաթուղային ցանցի զարգացման ուղղությամբ, որը երկիրը կապում է հարևան Զիմբաբվեի, Նամիբիայի և Մոզամբիկի հետ: