ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և կառավարության նիստով կամրագրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը։
«Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասաց Ժամկոչյանը:
Նա նաև հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։
«Այն դեպքերում, երբ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի հետ կապված երեխաների տվյալները չեն լրացվել, համակարգն այժմ թույլ է տալիս խմբագրել տվյալները և ավելացնել երեխաների տվյալները»,–ասաց նա։
Փոխնախարարի խոսքով` հաջորդ ամսվա դիմումների հետ կդիտարկեն նախորդ ամսվա բացակա օրերի քանակը բոլոր այն դեպքերի համար, երբ մարդիկ բացակայել են երկրից և չեն դիմել իրենց։
«Եթե դրանք կլինեն 10 օրից պակաս, նրանք կստանան նաև նախորդ ամիսների աջակցությունը, այսինքն՝ նոյեմբերից սկսած նախորդ ամիսները»,–ասաց նա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։