ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Իր զեկույցում ընդգծել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Նա հիշեցրել է` 2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետևողական դիրքորոշման մասին: Սակայն աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետևողականորեն անտեսվել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության մասին տեղեկատվությունը։
«Ինչ վերաբերում է Ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը, ապա մասնակից պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոխանցմանը Միջազգային քրեական դատարան»,- նշված է Օկամպոյի զեկույցում։
Ըստ նրա՝ ցեղասպանության կանխարգելման ամենահրատապ կողմն է վերջ տալ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներին և հինգ այլ հասարակական առաջնորդներին մարմնական և հոգեկան լուրջ վնասներ պատճառելու ռիսկին։
«Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն»,- շեշտել է Օկամպոն։
Նրա զեկույցին կից հրապարակվել է նաև Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի մասին տեսանյութը, որտեղ ներկայացվում է նրա կյանքի պատմությունը, ինչպես է հայրը զոհվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նա էլ պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը։
Օկամպոն հավելել է՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել նախագահ Ալիևի գործողությունները՝ կապված 2021 թվականի մայիսի 10-ից Հայաստանում կատարված հանցագործությունների հետ։
Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացման արդյունքում փետրվարի 1-ից Հայաստանը կդառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։