Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան

Նշվում է, որ ԶՀՀ–ների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մտադիր է սկսել «Ակաշ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստանին։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը` հղում անելով երկրի ՊՆ–ում իր աղբյուրին։
Գործակալության տվյալներով` Հայաստանն այդ ԶՀՀ–ները Հնդկաստանից ձեռք է բերել 600 մլն դոլարով։
«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում «Ակաշ» ԶՀՀ–ների նկատմամբ», – աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Akash–ը շարժական զենիթային համալիր է գործողության փոքր ռադիուսով, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ (հակառակորդի հրթիռները, ինչպես նաև 4-25 կմ–ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ)։ Հնդկաստանի ԶՈւ–ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար պատվեր են կատարել։
Ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Հայտնել էինք նաև, որ հնդկական Zen Technologies ընկերությունը, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։
Հայաստանը և Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային հարցերով. համաձայնագիրը վավերացվեց