ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ցանկանում է փոխել «Էկո»-ի ծրագրով և փոխնակ մոր համար նախատեսված տարիքային շեմը։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային` վարչապետը հետաքրքրվել է, թե որքանով է ճիշտ իրենց վարած քաղաքականությունը։
«Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համոզվա՞ծ ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համոզվա՞ծ ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»,– ասել է Փաշինյանը:
Ավանեսյանն էլ պատասխանել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն ուղարկել են Ազգային ժողով:
«Երկու շեմ ենք փոխում՝ «Էկո»–ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի, փոխնակ մոր համար` 35-ը 38-ի»,- նշել է նախարարը:
««Էկո»-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաև անպտղության հաղթահարման ծրագրի մասին։ Նշվել է, որ 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:
Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա 2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ–ում ծնունդների թիվն ավելացել է 336–ով։