ՀՀ ՄԻՊ–ը թափառող շների հարձակումների առնչությամբ ուսումնասիրություն է նախաձեռնել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Անահիտ Մանասյանի կարծիքով` թափառող շների հարձակումների դեմ մշակված մեխանիզմները պետք է առավելագույնս նպաստեն խնդրի լուծմանը և ապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը թափառող շների պարբերաբար հարձակումների առնչությամբ ուսումնասիրության ընթացակարգ է նախաձեռնել։ Տեղեկությունը հրապարակվել է պաշտպանի ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ ՄԻՊ–ը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում։
Մանասյանն ընդգծել է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը և կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Ընդ որում` նշված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարևոր է նաև համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։
Պաշտպանը կարծում է, որ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին Արարատի մարզում շները հարձակվել էին դպրոցականների վրա։ Երեխաները վազել էին, նրանցից մեկը` 7–ամյա մի տղա, սայթաքել էր, ընկել, գլուխը հարվածել ճանապարհի եզրաքարին և մահացել։