ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարար

Ամուլսարի հանքավայր
ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ Ամուլսարում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի հանքավայրի իր բաժնեմասը։ Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։
«Ֆորմալ տեղափոխությունը դեռևս տեղի չի ունեցել։ Ստորագրված հուշագրի շրջանակում աշխատանքները շարունակվում են, որովհետև կառավարության կողմից բաժնետոմս ստանալը ինքնանպատակ պրոցես չէ։ Այն ենթադրում է բոլոր տեսակի հաշվետվողական գործիքները, որոնցով օժտված կլինի կառավարությունը։ Բաժնետեր լինելն իր հերթին պատասխանատվություն է։ Օրինակ` ենթակառուցվածքների անվտանգության մասով։ Մենք պետք է հասկանանք`արդյոք բոլոր հնարավոր ռիսկերը փարատվա՞ծ են։ Այդ ժամանակ արդեն ֆինանսավորման պրոցեսները կբացվեն, և նոր միայն տեղի կունենա բաժնետոմսերի փոխանցումը»,– ասաց փոխնախարարը։
Դեկտեմբերի 14-ին Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը հայտարարել էր, որ ԵԶԲ–ն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել, դրա համար անհրաժեշտ են ոչ միայն լրացուցիչ փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում, որպեսզի պահպանվի ազգային պարկը, տարածքի բնությունը, և լինեն տնտեսական օգուտներ։
Հովհաննես Հարությունյանը լրագրողների վստահեցրեց, որ այս պահին Ամուլսարում այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Հանքավայրում աշխատում է թիմ, որին պատվիրակվել է ոչ թե փորձաքննություն, այլ հանքավայրի շահագործման մեկնարկին ուղղված ծառայությունները, որովհետև նման մեծ ծավալի աշխատանքների մեկնարկի համար մեծ աշխատանքներ կան անելու` սկսած կազմակերպությունների ընտրությունից, որոնք պետք է աշխատեն։ Մի քանի տարի է` այնտեղ շինարարական աշխատանքները դադարեցվել են, և պետք է գնատվեր` աշխատանքները պետք է շարունակվեն այն փուլից, որ պահից դադարեցվել են, թե պետք է եղած ինժեներական ենթակառուցվածքները քանդվեն և նորերը կառուցվեն։ Դրանց գնահատումն ու դրանց մասին եզրակացություն ունենալը պարտադիր պայման է թե՛ ֆինանսավորող կազմակերպությունների կողմից, թե՛ կառավարության կողմից»,– պարզաբանեց Հարությունյանը։
ՏԿԵ փոխնախարարը հավաստիացրեց, որ վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքի վերջնաժամկետը դեկտեմբերն է։ Իսկ 2024թ–ին պետք է մեկնարկեն արդեն բուն շահագործման աշխատանքները։