ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբեր – Sputnik. Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ամբակում Գրիգորյանին նշանակելիս հաշվի չեն առել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամբակում Գրիգորյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է երեկ։
Թերթի տեղեկություններով` դեռ հոկտեմբերին ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին առաջարկել է Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարարը մերժել է։
«Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է։ Արդյունքում ամիսներ անց՝ նախարար Մինասյանի մերժումից հետո, իրավապահ համակարգը հաշվի չառավ նախարարի ցանկությունն ու նշանակեց իր ցանկալի թեկնածուին, քանի որ քաղաքական թիմը նրան էր տեսնում ՔԿՀ ղեկավարի պաշտոնում»,– գրում է պարբերականը:
Ամբակում Սեյրանի Գրիգորյանը 2018–2021 թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ: ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Նշենք, որ ՔԿԾ նախկին ղեկավար Սերգեյ Ադամյանն աշխատանքից ազատվել է 2023 թ. օգոստոսին։
Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` դա պայմանավորված էր նրանով, որ Ադամյանը թույլ է տվել կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ Ազգային ժողովից քրեակատարողական հիմնարկ գնալու ճանապարհին մտնել տուն և տեսակցել մորը ՝ պայմանով, որ այդ մասին ոչ ոք չի իմանա: